Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Տիգրանի գործը` խոսքի ազատության լակմուս

Տիգրանի գործը` խոսքի ազատության լակմուս
19.09.2013 | 15:44

Տիգրան Առաքելյանը շարունակում է անազատության մեջ մնալ: Երեկ վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը մերժեց Տիգրանի փաստաբանի միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: ՀԱԿ կուսակցությունը ձեռնարկել էր երաշխավորագրի ստորագրահավաք, որը, սակայն, որևէ կերպ չազդեց դատավորի որոշման վրա:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մեր հարևան Իրանում ազատություն է շնորհվել 11 քաղբանտարկյալների: Հասան Ռուհանին, այսպիսով, փորձում է կատարել առաջին քայլը իր նախընտրական պայքարում իրանցիներին տված խոստումների համատեքստում: Այս տարի Հայաստանում նույնպես տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Արդյունքում, ԿԸՀ պաշտոնական տվյալներով, կրկին նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը փետրվարի 14-ին Երևանում տեղի ունեցած իր նախընտրական հանրահավաքում ասել է. «Ձեզ նման երիտասարդներն էին, որ մեր երկրի հրապարակներից չհեռանալով՝ պահանջում էին արդարություն հաստատել ու պայքարել չարաշահումների դեմ մեր երկրում: Պահանջում էին մամուլի և խոսքի ազատություն: Այսօր մենք անշեղորեն ընթանում ենք այդ ուղիով: Իմ խոստումներին հավատարիմ» (աղբյուրը`http://www.serzhsargsyan.am/statements/item/2013/02/15/Serzh-Sargsyan-speech-Kenton-Yerevan/):
Կարծում եմ՝ նշանակություն չունի` Տիգրան Առաքելյանը այդ պահին ազատության մեջ լինելով ներկա կլինե՞ր Սերժ Սարգսյանի հանրահավաքին, կամ կքվեարկե՞ր նրա օգտին: Հարցը նախագահի թեկնածուի խոստումներին է վերաբերում` ուղղված երկրի ընտրելու իրավունք ունեցող հանրությանն ընդհանրապես: Տիգրան Առաքելյանի և ՀԱԿ մյուս երեք ակտիվիստների գործը խոսքի ազատությանն առնչվում է առաջին հերթին այնքանով, որքանով նրանք ընդդիմադիր քաղաքական հայացքների կրողներ են: Գործի քննությունն ընթացել է խախտումներով, որին անդրադարձել է և «Human Rights Watch» միջազգային կազմակերպությունը` նամակ հղելով ՀՀ Վճռաբեկ դատարանին այս տարվա հունվարին: Կազմակերպությունը դատարանի ուշադրությունն էր հրավիրել ձերբակալման ընթացքում տղաների նկատմամբ իրականացված ոստիկանական բռնությունների վրա և նշել, որ նրանց նկատմամբ «դաժան վերաբերմունքի վկայությունների կապակցությամբ արդյունավետ դատաքննություն չի իրականացվել»: Սրանից զատ, դատավարության ընթացքում վկաների ցուցմունքների միջև բազմաթիվ հակասություններ են եղել, որոնք նույնպես հիմք են տալիս կարծելու, որ գործի քննության մեջ անարդարության տարրեր կան: Հավելենք նաև, որ, համաձայն ԵԽԽՎ սահմանման, Հայաստանի մի շարք իրավապաշտպաններ Տիգրան Առաքելյանին համարում են քաղբանտարկյալ: 2012 թվականին ԵԽԽՎ-ն սահմանել է «քաղաքական բանտարկյալ» տերմինը, համաձայն որի՝ «Քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կիրառվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես` մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ»:
Դառնալով խոսքի ազատություն ասվածին, նկատենք, որ Տիգրան Առաքելյանի, ինչպես այս մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդու համար խոսքի ազատությունը սկսվում է իր իրավունքների պաշտպանությունից: Տիգրանն ու մյուս տղաները երկրի հրապարակներից չէին հեռանում տարիներ շարունակ` բարձրաձայնելով իրենց` որպես ՀՀ քաղաքացու իրավունքների մասին: Իսկ երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է «անշեղորեն ընթանալ խոսքի ազատության ուղիով»: Սա արդյո՞ք նշանակում է, որ մեր դատական համակարգը կամայական գործունեություն է իրականացնում ` անկախ երկրի նախագահի ծրագրից:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ